«Գեղարվեստի հարթակ ակումբ». հանդիպում Հովակիմ Սաղաթելյանի հետ

20170421_134359Ապրիլի 21-ին ակումբի հյուրն էր  հեղինակ-կատարող, բանաստեղծ, շինարար-ճարտարապետ, «Տրինիտի Կանյոն այգիներ»-ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը:

Հերթական ուրբաթը, որը անվանի մարդկանց հետ նոր ծանոթությունների ու զրույցների առիթ է ընձեռնում: Այսօր Գեղարվեստի «Հարթակ» ակումբի հյուրն էր  հեղինակ-կատարող, բանաստեղծ, շինարար-ճարտարապետ, «Տրինիտի Կանյոն այգիներ»—ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը:

Մինչ հանդիպման գնալը ծանոթացել էի հյուրի մասին պատմող մեդիափաթեթին և սպասում էի հանդիպմանը: Միայն կենսագրության ընթերցումը բավարար էր ենթադրելու համար, որ հետաքրքիր հանդիպում-զրույց է սպասվում. չսխալվեցի, զրույցը սկսվեց և ավարտվեց հետաքրքիր թեմաների քննարկումով ու հարցադրումներով: Հանդիպմանը մասնակցում էին տարատարիք սովորողներ, դասավանդողներ:

Զրույցի սկզվում հյուրը մեզ պատմեց, թե ի՞նչ խորհուրդ է ունեցել և ունի խաղողը, խաղողի այգիները, գինեգործությունը հայերիս համար. մոտ վեց հազար տարվա պատմությունը ամփոփեց տասնհինգ րոպեում: Իմացանք, որ հայը միակ ազգն է, որ պատկերել է դրախտի կենաց ծառը խաղողի վազի տեսքով, և ով որ ճաշակում էր այդ ծառի պտուղները, ստանում էր հավերժական կյանք: Հյուրը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց և մեզ պատմեց, թե հնում մարդիկ ինչ սիրով էին մշակում և կարևորում խաղողի այգիները: Հայերը այգի ասելով՝ հենց խաղողի այգի են հասկացել: Փաստորեն «այգ» բառի ծագումը դրա հետ է կապված, այն արևին, լուսաբացին սպասելու ժամանակն է, երբ բոլորը հավաքվել և սկսել են ինչ-որ երգեր երգել և սպասել արևի դուրս գալուն, որը քաղցրացնելու էր այգու պտուղները: Հայերը այդ այգուն տվել են ծիսական բնույթ. խաղողի վազը  մարդիկ այնքան են սիրել, որ մարդացրել են, մարդկային հատկանիշներով օժտել:

-Եթե խաղողին չսիրես, ժամանակին չէտես, չջրես ու չխնամես, լավ խաղող չի լինի, այսինքն մարդ-խաղող ճիշտ փոխհարաբերությունը հրաշալի ադյունք է տալիս,- բացատրեց հյուրը և պատմեց նաև խաղողի օգտակար հատկությունների մասին, նշեց, թե որքան է անհրաժեշտ օգտագործել գինին, որպեսզի այն օգտակար լինի, ինչպե՞ս տարբերենք որակյալ գինին և այլն։ Հյուրը նաև ներկայացրեց հնագույն քանդակների, գինու կարասների, խաղողի այգիների մշակման տեխնիկայի մասին պատմություններ նկարաշարի միջոցով:

Այսպիսով, գինին եղել է ամենակարևոր ծիսական խմիչքը հայոց մեջ, ի դեպ, Սարգոն թագավորն անգամ ապշում էր մեզանում առկա խաղողի և գինու քանակից, որովհետև ինչպես հյուը նշեց. «Անմահական են «թևավոր» ազգի գինիները և գեղեցիկ ու մարդակերպ՝ խաղողի վազերը»:

 

 

Оставьте комментарий